Կենտրոնական Վիետնամում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, 13 մարդ դեռևս համարվում է անհետ կորած, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Վերջին շաբաթվա ընթացքում Վիետնամի կենտրոնական որոշ հատվածներում տեղումների քանակը գերազանցել է 1900 մմ-ը, նշվում է հրապարակման մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ աղետն ամենամեծ վնասը հասցրել է Դաքլակ, Խանխոա և Զյալայ նահանգներին, որտեղ ոչնչացվել ու վնասվել են ավելի քան 200 հազար տներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ և վարչական շենքեր:
Ջրհեղեղների և սողանքների հետևանքով տուժել են գրեթե 63 հազար հա գյուղատնտեսական հողեր, ավելի քան 100 հազար հա պտղատու տնկարկներ, ինչպես նաև անկել են են 3,5 մլն գյուղատնտեսական կենդանիներ և թռչուններ: Տնտեսական վնասները, նախնական տեղեկություններով, գնահատվում են 9 տրլն դոնգ (ավելի քան 340 մլն դոլար)։
Վերջին ամիսներին Վիետնամում անբարենպաստ եղանակային պայմաններ էին գրանցվել։ Մի քանի շաբաթ ընդմիջումներով երկու թայֆուն հանգեցրել էր մարդկանց մահվան և ավերածությունների:





































