Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ից ազդանշաններ է ստացել, որ պետք է արագ ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, որը մշակվել է Մոսկվայի հետ խորհրդակցելով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Կիև է ժամանել ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը՝ «խաղաղ ջանքերին նոր թափ հաղորդելու և Ուկրաինայում իրականությունը գնահատելու համար», նշում է գործակալությունը։
Իր հերթին՝ Financial Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ Զելենսկին կստորագրի Վաշինգտոնի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը մինչև Գոհաբանության օրը (նոյեմբերի 27-ը), որպեսզի «ավելի ուշ Մոսկվայում խաղաղ գործարք ներկայացնի և կարգավորման գործընթացն ավարտի մինչև դեկտեմբերի սկիզբ»:
Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնի գաղափարի իրագործումը նշված ժամկետներում քիչ հավանական է, քանի որ Կիևի մի շարք պաշտոնյաներ կարծում են, որ Թրամփի ծրագրում կան մի քանի ակնհայտ անհաղթահարելի «կարմիր գծեր»:
Կիևում հայտնում են, որ աշխատում են կարգավորման վերաբերյալ հակընդդեմ առաջարկների վրա, որոնք կներկայացվեն Վաշինգտոնին:
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, որը պարունակում է 28 կետ: Առաջարկները վերաբերում են տարածքային հարցերին, վերականգնմանը և Ուկրաինայի քաղաքական կարգավիճակին։





































