ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի վրա ճնշման լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ երկրի ներսում գաղտնի գործողություններ իրականացնելու ԿՀՎ ծրագրերը, հայտարարել է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Թրամփի վարչակազմը վերսկսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ ոչ պաշտոնական բանակցությունները, որը նախկինում առաջարկել էր մի քանի տարով հետաձգել նրա պաշտոնանկությունը։ Այս առաջարկը մերժվել էր Սպիտակ տան կողմից։
Ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում Մադուրոն հայտնել էր իր պատրաստակամությունը՝ ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն տրամադրել Վենեսուելայի նավթի արտադրությանը, ինչպես նաև ազդարարել էր կամավոր հրաժարական տալու իր պատրաստակամությունը, նշել է լրատվականը։
«Չնայած ակնհայտ փակուղուն՝ կուլիսային բանակցությունները ենթադրում են, որ դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է»,- նշվում է NYT-ի հոդվածում։
Թերթը չի նշել գաղտնի բանակցությունների նախընտրելի արդյունքը։ Չնայած այլընտրանքային լուծումներին՝ NYT-ն չի բացառել, որ Թրամփը կարող է պահանջել ԱՄՆ-ից բռնի կերպով տապալել Վենեսուելայի առաջնորդին։
Հոդվածում նշվում է, որ Թրամփը դեռևս չի հրամայել Վենեսուելա զորք տեղակայել, ուստի Մադուրոյի կառավարության դեմ ճնշման արշավի հաջորդ փուլը կարող է ներառել դիվերսիա, կիբերգործողություններ, հոգեբանական կամ տեղեկատվական պատերազմ։
Վերջին երկու ամիսներին ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է ռազմական ուժեր՝ Կարիբյան ծովում թմրանյութեր տեղափոխող նավեր ոչնչացնելու համար։ Իշխանությունների տվյալներով՝ նման գործողություններ են իրականացվում միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Այս ամենի հետևանքով զգալիորեն սրվել են Կարակասի և Վաշինգտոնի հարաբերությունները։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է 50 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ Վենեսուելայի առաջնորդի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։






































