Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է դադարեցնել կառավարության արդեն 43 օր շարունակվող շաթդաունը, հաղորդում է BBC-ն:
Նման կերպ դաշնային կառավարության ֆինանսավորումը կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Նախքան Թրամփի ստորագրությունը Ներկայացուցիչների պալատը հաստատել էր բյուջեն 222 կողմ, 209 դեմ հարաբերակցությամբ:
Սպիտակ տան Օվալաձև սենյակում ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է, որ կառավարությունն այժմ «կվերականգնի բնականոն աշխատանքը», սակայն «մարդիկ շատ ծանր կերպով տուժել են» 43-օրյա «կաթվածահարության» հետևանքով։
Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից չէին գործում, շուրջ 1,4 միլիոն դաշնային ծառայողներ գտնվել են անվճար արձակուրդում կամ աշխատել առանց վարձատրության։ Սննդային օգնության ծրագրերը նույնպես կասեցվել էին, իսկ օդային հաղորդակցությունը խափանվել էր ամբողջ երկրում։





































