Ֆիլիպիններում ավելի քան 66 մարդ զոհվել է, հարյուր հազարավորները լքել են իրենց տներն ամենահզոր թայֆուններից մեկի՝ Կալմաեգիի պատճառով, հայտնում է BBC-ն:
Թայֆունի պատճառով նաև մի շարք ավերածություններ են գրանցվել: Թայֆունը ողողել է մի քանի քաղաք կենտրոնական՝ ամենախիտ բնակեցված Սեբու կղզում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ ապաստանում տանիքներին, իսկ ավտոմեքենաները լողում են փողոցներում:
Սեբուում վնասները լայնածավալ են՝ բազմաթիվ փոքր տներ ամբողջությամբ ավերվել են, իսկ փողոցները ծածկվել են ցեխով։ Փրկարարներն ստիպված են նավակներով հասնել այն մարդկանց, ովքեր մնացել են տների ներսում։
Ֆիլիպինների ազգային աղետների գործակալության հրապարակած զեկույցի համաձայն՝ աղետի հետևանքով արդեն տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ։ Զոհերի թվում է նաև 6 զինվորական։ Նրանք գտնվում էին ռազմական ուղղաթիռում, որը վթարվել է Մինդանաո կղզում՝ Սեբուից հարավ, երբ ուղարկվել էր օգնության աշխատանքներին մասնակցելու։
«Ուղղաթիռի հետ կապը կորել էր, ինչից անմիջապես հետո սկսվեց որոնողափրկարար գործողությունը»,- հայտնել են Ֆիլիպինների ռազմաօդային ուժերը։
Ավելի ուշ խոսնակը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է վեց մարմինն, հավանաբար՝ օդաչուի և անձնակազմի։
Կանխատեսվում է, որ թայֆունը կշարժվի Վիսայան կղզիների շրջանով և չորեքշաբթի կմտնի Հարավչինական ծով։






































