Վենեսուելայի իշխանությունները դիմել են Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին՝ ռազմական ռադարների մատակարարման և կործանիչների վերանորոգման խնդրանքով։ Ըստ ԱՄՆ կառավարության փաստաթղթերի, որոնց հղում է անում The Washington Post-ը, Կարակասը նաև հավանական է՝ խնդրել է ռուսական հրթիռների մատակարարում։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Վենեսուելայի տրանսպորտի նախարար Ռամոն Սելեստինո Վելասկեսը հոկտեմբերի կեսերին այցելել էր Մոսկվա՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը փոխանցելու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին։
Նամակում, ինչպես պնդում է WP-ն, Մադուրոն խնդրել է աջակցություն Վենեսուելայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված կործանիչների վերականգնման գործում։ Պարբերականը նշում է, որ խոսքը Սու-20 ինքնաթիռների մասին է:
Մադուրոյի նամակում ասվում է, որ ռուսական ինքնաթիռները Վենեսուելայի բանակի կարևորագույն զսպման միջոցներն են։ Ըստ WP-ի՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին Մադուրոն խնդրել է արագացնել ռադարների մատակարարումը, իսկ Իրանին՝ տրամադրել պասիվ հետախուզական համակարգեր, GPS ազդանշանների խլացուցիչներ և անօդաչու թռչող սարքեր։
Չի հաղորդվում, թե Մոսկվան, Պեկինը և Թեհրանն ինչ պատասխան են տվել Վենեսուելային։ Զենքի մատակարարման հարցադրումը տեղի է ունենում ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ուղղված Մադուրոյի կառավարության վրա։
The Wall Street Journal-ը գրել էր, որ ամերիկյան բանակը դիտարկում է Վենեսուելային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով կրճատել թմրանյութերի անօրինական շրջանառությունը և Մադուրոյին ստիպել հրաժարվել իշխանությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







