ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների և նրանց 34 դուստր ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների մասին, տեղեկացնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ վերոնշյալ ընկերությունների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են: Այս քայլերը ձեռնարկվել են «Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն ավարտելու նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն իրականացնելու նպատակով։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում ռուսական խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ և կոչ է անում Մոսկվային անհապաղ համաձայնել հրադադարին»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Հոկտեմբերի 15-ին Միացյալ Թագավորությունը ևս ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցները՝ ներառելով «Ռոսնեֆտը», «Լուկօյլը», Ազգային վճարային քարտերի համակարգը, մի քանի բանկ և 51 նավ, որոնք, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի հետ: «Ռոսնեֆտի» բաժնետեր Nayara Energy հնդկական ընկերությունը և չինական Beihai Liquefied Natural Gas CO LTD ազգային խողովակաշարային խումբը նույնպես ընդգրկվել էին «սև ցուցակում»:





































