Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս՝ գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաղդասարյանը նշել է, որ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս, որտեղ Միացյալ Նահանգների և Եգիպտոսի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով կմասնակցի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում։
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եգիպտոսի նախագահի գրասենյակին, գագաթնաժողովին կմասնակցեն առաջնորդներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բահրեյնից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հորդանանից, Իսպանիայից, Իտալիայից, Կիպրոսից, Քուվեյթից, ԱՄԷ-ից, Օմանից, Պակիստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Գերմանիայից։ Իրանն ու Իսրայելը չեն մասնակցի։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Եգիպտոսի նախագահի խոսնակին, հաղորդել էր, որ Շարմ էլ Շեյխում տեղի կունենա միջազգային գագաթնաժողով՝ պաղեստինյան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի վերջնական մշակման համար: Ակնկալվում էր, որ կմասնակցի ավելի քան 20 առաջնորդ, այդ թվում՝ Թրամփը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







