Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիաբանանի հարավին՝ Մուսայլիհի և Նաջարիայի միջև ընկած տարածքին, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին։
Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են նաև շինարարական սարքավորումները (բուլդոզերներ և էքսկավատորներ)։
Իր հերթին՝ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ավիահարվածները թիրախավորել են «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները, այդ թվում՝ շարժմանը պատկանող կառույցների վերականգնման համար օգտագործվող ինժեներական սարքավորումները։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին։ Իսրայելական ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական վայրերում, այդ թվում՝ հյուսիսային Ղաջար գյուղում, որը լիբանանյան իշխանությունները համարում են շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում։
Իսրայելը բազմիցս ընդգծել է, որ կշարունակի հարվածել Լիբանանին՝ շիական դիմադրության կողմից ներկայացվող սպառնալիքը վերացնելու համար։
Ավելի վաղ շիական «Հեզբոլլահ» շարժումը մերժել էր Լիբանանի կառավարության որոշումը՝ երկրի բանակին հանձնարարել զենքի նկատմամբ պետական մենաշնորհ սահմանել։



























