Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) բողոք է ստացել իր և մի շարք պաշտոնյաների դեմ՝ Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մեղադրանքն ուղղված է նաև Պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոյի, Արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիի, ինչպես նաև իտալական «Լեոնարդո» հոլդինգային ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանիի դեմ։
«Կարծում եմ՝ աշխարհում կամ պատմության մեջ նման մեղադրանքի այլ դեպք չկա»,- Մելոնիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
Իտալիայի վարչապետն իր հակառակորդներին բացահայտորեն մեղադրում է «պաղեստինյան հարցը» ներքին քաղաքական պայքարում շահագործելու մեջ: Նրա գլխավորած կոալիցիան երեք տարի առաջ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում՝ հաղթահարելով մեծամասնության համար նախատեսված 40% շեմը: Իտալիայի բնակչության զգալի մասը, սակայն, չի հաշտվել «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդի իշխանության գալու հետ, որը շատերի կողմից համարվում է ֆաշիզմի ժառանգորդ:
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Մելոնին ողջունել էր ԱՄՆ առաջարկը՝ նշելով, որ այն կարող է դառնալ «շրջադարձային պահ՝ ապահովելով զինված գործողությունների մշտական դադարեցում, բոլոր գերիների անմիջական ազատում և քաղաքացիական բնակչության համար լիարժեք ու անվտանգ մարդասիրական հասանելիություն»:
Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 3-ին համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել մահացածների մարմինները։






































