Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ իր պատասխանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera-ային։
«ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է ներկայացրել իր պատասխանը նախագահ Թրամփի ծրագրի վերաբերյալ»,- հայտնել է հեռուստաալիքի բարձրաստիճան աղբյուրը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ը համաձայն է ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել [մահացածների] մարմինները։ Շարժումը նշել է, որ պաղեստինյան բոլոր խմբավորումները «կոնսենսուսի են եկել» ապագա վարչական մարմին ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։
Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր «դժոխքով», եթե շարժումը մինչև հոկտեմբերի 5-ը համաձայնության չգա։





































