Մի շարք համաշխարհային առաջնորդներ և արտգործնախարարներ իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար: Նրանք հայտարարել են՝ պատրաստ են համագործակցել զինված գործողությունների դադարեցման ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Բոլոր կողմերին կոչ ենք անում միավորվել և համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ, որպեսզի վերջնականապես համաձայնեցնենք այս առաջարկը և իրականացնենք այն»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Նրա կարծիքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ընդունի ԱՄՆ ծրագիրը, վայր դնի զենքերը և ազատի գերիներին: Սթարմերն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել իր գործընկերների հետ՝ ապահովելու կայուն խաղաղություն, որտեղ պաղեստինացիներն ու իսրայելցիները կարող են ապրել կողք-կողքի՝ անվտանգության պայմաններում:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ևս ողջունել է ԱՄՆ առաջարկը՝ նշելով, որ այն կարող է դառնալ «շրջադարձային պահ՝ ապահովելով զինված գործողությունների մշտական դադարեցում, բոլոր գերիների անմիջական ազատում և քաղաքացիական բնակչության համար լիարժեք ու անվտանգ մարդասիրական հասանելիություն»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սպասում է «Իսրայելի վճռական գործողություններին այս հիմքի վրա»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Գազայում հրադադար հաստատելու ուղղությամբ: Նա ավելացրել է, որ Անկարան կշարունակի աջակցել դիվանագիտական գործընթացին և նպատակ ունի նպաստել «արդար և կայուն խաղաղության հաստատմանը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»:
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հաստատելով իրենց վստահությունը խաղաղություն գտնելու գործում, հաղորդում է BBC-ն:
«Արտգործնախարարները հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ կառուցողական համագործակցելու ԱՄՆ-ի և կողմերի հետ՝ համաձայնագրի մշակման ավարտն ապահովելու և նրա կատարման միջոցով տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու նպատակով»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
WAFA գործակալությունը հայտնել է, որ պաղեստինյան իշխանությունները նշել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՄՆ-ի և գործընկերների հետ՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար, որը ներառում է «արդարացի խաղաղության ճանապարհ հարթելը՝ երկու պետությունների համատեղ գոյակցության հիման վրա»:
Մյուս կողմից՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Նահալան նշել է, որ Թրամփի ծրագիրը Գազայի համար լիովին արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը և «տարածաշրջանը պայթեցնելու միջոց է»:
Ընդ որում՝ Aljazeera հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրի, հաղորդել է, որ Կատարն ու Եգիպտոսը Թրամփի ծրագիրը փոխանցել են ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբին, և պաղեստինյան շարժումը միջնորդներին խոստացել է ուսումնասիրել Թրամփի առաջարկը:
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին ներկայացրել էր Գազայի պատերազմը կարգավորող ծրագիրը, որով առաջարկում է Գազայի հատվածը փոխանցել արտաքին կառավարմանը՝ անցումային ժամանակահատվածով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփի հետ ասուլիսի ժամանակ ողջունել էր այդ ծրագիրը:





































