ԱՄՆ Սենատը հինգերորդ անգամ չի ընդունել երկրի կառավարության ֆինանսավորումը վերականգնող օրինագծերը, հայտնել է BBC-ն։
Ամերիկյան կառավարությունն արդեն հինգ օր է՝ դադարեցրել է գործունեությունը, որովհետև Սենատը չի կարողանում համաձայնության գալ՝ ինչպես շարունակել պետական ֆինանսավորումը։ Դեմոկրատներն ու հանրապետականները ներկայացրել են երկու տարբեր օրինագիծ, բայց երկուսն էլ անհրաժեշտ քվեներ չեն հավաքել։
Դեմոկրատների ու հանրապետականների վեճն առաջացել է, երբ դեմոկրատները հայտնել են, որ ուզում են ֆինանսավորման փաթեթը ներառի նաև առողջապահության հարցեր՝ Medicaid-ի և ցածր եկամուտ ունեցողների ապահովագրության պահպանություն։ Հանրապետականներն ուզում են այլ տարբերակ՝ առանց առողջապահական հավելումների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ֆինանսավորումը չվերականգնվի, կարող են լինել զանգվածային կրճատումներ։ Միևնույն ժամանակ՝ նա ասել է, որ պատրաստ է դեմոկրատների հետ նոր բանակցությունների։
«Պատրաստ եմ աշխատել դեմոկրատների հետ՝ նրանց ձախողված առողջապահական քաղաքականության կամ այլ հարցերի շուրջ, բայց նախ նրանք պետք է թույլ տան, որ մեր կառավարությունը բացվի։ Իրականում՝ նրանք պետք է դա անեն արդեն այս գիշեր»,- գրել է Թրամփը։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվել էր շաթդաուն։ Ֆեդերալ կառավարությունը կասեցրել էր գործունեությունը, երբ Սենատը չէր կարողացել ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն։




































