Շուրջ 1000 զբոսաշրջիկ Էվերեստի արևելյան լանջին ստիպված ապաստանել է վրաններում՝ ուժգին բքի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հոկտեմբերի 4-ին լեռան արևելյան լանջը ենթարկվել է վերջին տարիների ամենահզոր բուքին՝ հիմնական երթուղիներն ամբողջությամբ փակվել են, տեսանելիությունը կտրուկ նվազել է՝ մինչև մեկ մետրից պակաս։ Լեռ բարձրացող զբոսաշրջիկները չեն կարողացել շարունակել ճանապարհը սառցապատ ուղիներով և ստիպված էին ապաստանել իրենց վրաններում։ Զբոսաշրջիկների մի մասը կարողացել է ինքնուրույն իջնել, սակայն մեծամասնությանն անհրաժեշտ է փրկարարների օգնություն, գրում է պարբերականը։
«Ցզիմու Սինվեն» տեղեկատվական պորտալի տեղեկացմամբ՝ զբոսաշրջիկները 4900 մետր բարձրության վրա գտնվող ճամբարում են արգելափակվել։
ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե քաղաքի իշխանությունները տեղեկացրել են, որ փրկարարական խմբեր են ուղարկվել զբոսաշրջիկներին օգնություն ցուցաբերելու համար։
Էվերեստը (Ջոմոլունգմա) գտնվում է Հիմալյան լեռնաշղթայում՝ Նեպալի և ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանի սահմանին։ 2020 թվականի դեկտեմբերին Չինաստանն ու Նեպալը համատեղ հետազոտություններից հետո հայտարարել էին Էվերեստի նոր ճշգրտված բարձրությունը՝ 8848.86 մետր ծովի մակարդակից, ինչը 86 սանտիմետրով բարձր է նախկին տվյալներից։






































