ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին առաջարկել է օգտագործել զինված ուժերը՝ անօրինական միգրացիան կանգնեցնելու նպատակով։ BBC-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը եզրափակում էր Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Սթարմերի հետ հանդիպման ընթացքում կենտրոնացել են միգրացիոն խնդիրների վրա, խոսել Նահանգներում սահմանների պաշտպանության քաղաքականության մասին:
«Ձեզ մոտ մարդիկ են ներթափանցում, և ես ասացի վարչապետին, որ կկանգնեցնեմ դա։ Կարևոր չէ՝ բանա՞կն եք ներգրավում, թե՞ այլ միջոց եք կիրառում»,- հայտարարել է Թրամփը։
Նրա համոզմամբ՝ անօրինական միգրացիան «երկրները ներսից քայքայում է»:
Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը խստացրել էր անօրինական միգրանտների արտաքսման քաղաքականությունը և ուժեղացրել սահմանների վերահսկողությունը։
Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփն ու Սթարմերը շրջանցել են մի շարք հակասական թեմաներ, այդ թվում՝ խոսքի ազատության սահմանափակումների մեղադրանքները և ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Լորդ Մանդելսոնի պաշտոնանկությունը: Վերջինս աշխատանքից ազատվել էր՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։
Թրամփը Մեծ Բրիտանիա էր ժամանել սեպտեմբերի 16-ի երեկոյան, նրա այցի դեմ ակցիա էր իրականացվել: Ակտիվիստները Թրամփի նկարները ցուցադրել էին Էփշտեյնի կողքին՝ Վինձորի ամրոցում: Թրամփին մեղադրում են նախկինում Էփշտեյնի հետ շփումների և նամակագրական կապ ունենալու մեջ։ ԱՄՆ նախագահը հերքում է, որ նամակներ է ուղարկել նրան, ինչի մասին վերջինս գրել էր 2003-ի իր գրքում։





































