Մեծ Բրիտանիան իսրայելցիներին արգելել է սովորել Պաշտպանության թագավորական քոլեջում՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով, հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն, հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակին։
«Կառավարությունը հաստատել է, որ Պաշտպանության թագավորական քոլեջը հաջորդ տարվանից Իսրայելից ուսանողներ չի ընդունի»,- գրում է թերթը։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն և քոլեջի շրջանավարտ Ամիր Բարամը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանն ուղղված նամակում որոշումն անվանել է «պատերազմող դաշնակցի նկատմամբ խորապես անազնիվ անհավատարմության դրսևորում»։
Իսրայելական ուժերը վերջին օրերին ուժեղացրել են Գազայի վրա իրենց հարձակումները:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ քաղաքը ՀԱՄԱՍ-ի վերջին խոշոր հենակետն է։ Գազայի գրավման պլանը միջազգային քննադատության առիթ է դարձել։
ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ հարձակման ուժեղացումը տարածքի վրա, որտեղ արդեն հռչակվել է սով, կհանգեցնի քաղաքացիական բնակչության «ավելի խորը աղետի»։
Սեպտեմբերի 8-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում: Սեպտեմբերի սկզբի դրությամբ՝ իսրայելցի զինվորականները վերահսկողություն են հաստատել Գազա քաղաքի 40%-ի նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







