Նեպալում ցուցարարները զանգվածային անկարգություններ են սկսել, հարձակվել կառավարական կառույցների վրա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Kathmandu Post թերթին։
Նշվում է, որ ցուցարարները հրդեհել և ավերել են շենքեր՝ գրավելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմնական կառույցները։ Մարդկանց ամբոխը ներխուժել է Սինգհա Դուրբարի տարածք՝ երկրի գլխավոր վարչական համալիրը։ Հրդեհվել է մի քանի նախարարության շենք, այդ թվում՝ Կրթության, գիտության և տեխնոլոգիաների, Առողջապահության և բնակչության նախարարությունը, ինչպես նաև վարչապետի գրասենյակը։ Ցուցարարները հրդեհել են պաշտոնյաների տները։
Նեպալի Գերագույն դատարանի շենքն ամբողջությամբ այրվել է։ Հաստատության աշխատակիցներից մեկի խոսքով՝ այրվել են պատմական և իրավական արժեք ունեցող բոլոր դատական փաստաթղթերն ու արխիվները։
Տեղի ոստիկանության նախնական տվյալներով՝ վանդալիզմի և հրկիզման գործողություններ են գրանցվել երկրի առնվազն 17 շրջանում։
Սեպտեմբերի 4-ին Նեպալի կառավարությունը սահմանափակումներ էր մտցրել մի շարք մեսենջերների և սոցիալական ցանցերի գործունեության վրա, ինչից հետո Կատմանդուում և Նեպալի խոշոր քաղաքներում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր։
Ցույցերի հիմնական մասնակիցներն էին ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները։
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։ Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, իշխանությունները վերացրել էին սոցիալական ցանցերի արգելքը, վարչապետ Շարմա Օլին հրաժարական էր տվել։




































