Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում 26 երկիր պատրաստ է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս կազմել, փոխանցում է Reuters-ը։
«Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է զորքեր տեղակայել Ուկրաինայում որպես աջակցության ուժ կամ ապահովել իրենց ներկայությունը ցամաքում, ծովում կամ օդում՝ հրադադարի կամ խաղաղության հաստատման հաջորդ օրը»,- ասել է Մակրոնը և հավելել, որ «մի քանի երկներ դեռևս քննարկում են իրենց դիրքորոշումը»։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ինքը, եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և ԱՄՆ-ի ներդրումն անվտանգային երաշխիքների հարցում պարզ կդառնա առաջիկա օրերին։
Մակրոնը չի նշել այն միջազգային զորակազմի մոտավոր չափը, որը կոալիցիան նախատեսում է տեղակայել Ուկրաինայի տարածքում, որպեսզի Ռուսաստանի համար «չբացի խաղաքարտերը»։ Միևնույն ժամանակ՝ նա վստահեցրել է, որ շտաբերի պետերն ունեն կոնկրետ ծրագրեր և քննարկում են դրանք փակ ձևաչափով։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում ռազմական զորակազմի ձևավորումը «չի հետապնդում Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու նպատակ», բայց այդ ուժերը պետք է «երաշխավորեն խաղաղությունը և հստակ ռազմավարական ազդանշան տան»։ Նա նաև ընդգծել է, որ այդ ուժերը չեն տեղակայվի առաջնագծում. խոսքը վերաբերում է առանձին տարածքների, որոնք դեռևս որոշվում են։
Օգոստոսի 29-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփն առաջարկել է չինացի խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում։ Օգոստոսի 19-ին նա հայտարարել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Նա հավելել էր, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







