Հուսիթները հաստատել են, որ իրենց վարչապետ Ահմեդ ալ-Ռահավին սպանվել է օգոստոսի 28-ին Եմենի մայրաքաղաք Սանայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտնում է Associated Press-ը։
Հուսիթների տվյալներով՝ ալ-Ռահավին և կառավարության մյուս անդամները հարձակման են ենթարկվել անցած տարվա աշխատանքը գնահատելու համար կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ։ Վարչապետի հետ միասին սպանվել է ևս մի քանի նախարար։
Հուսիթները խոստացել են վրեժխնդիր լինել վարչապետի մահվան համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ալ-Ռահավին հուսիթների վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2024 թվականի օգոստոսի 10-ից։ Նախկինում նա Գերագույն քաղաքական խորհրդի անդամ էր, որն ստեղծվել էր հակակառավարական ուժերի կողմից 2015 թվականին սկսված արաբական կոալիցիայի գործողության ընթացքում։
Օգոստոսի 28-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Telegram-ի իրենց ալիքում հայտնել էին, որ իսրայելական զինվորականները հարվածել են Եմենի մայրաքաղաքում գտնվող հուսիթների ռազմական ենթակառուցվածքներին։






































