Ամերիկյան CNN գործակալությունը ներկայացրել է, թե ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Իրանին ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց:
Թրամփի վարչակազմը քննարկել է Իրանի քաղաքացիական էներգիա արտադրող միջուկային ծրագիրը կառուցելու համար մինչև 30 միլիարդ դոլարի հասնող աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, պատժամիջոցների թուլացումը և Իրանի սառեցված ակտիվներից միլիարդավոր դոլարների հասանելիության ապահովումը՝ Թեհրանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուժգնացող փորձերի շրջանակում, հայտնել է այս հարցին ծանոթ չորս աղբյուր։
ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարները կուլիսային հանդիպումներ են ունեցել իրանցիների հետ՝ նույնիսկ վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանում և Իսրայելում շարունակվող ռազմական հարվածների պայմաններում՝ ըստ աղբյուրների։ Քննարկումները շարունակվել են նաև այս շաբաթ՝ հրադադարի համաձայնությունից հետո։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն ընդգծել են, որ մի քանի առաջարկ է շրջանառվում։ Դրանք նախնական են և փոփոխվող՝ մի անփոփոխ նախապայմանով՝ Իրանի կողմից ուրանի հարստացման բացարձակ արգելք։ Իրանը, սակայն, պնդում է, որ այդ գործընթացն անհրաժեշտ է իր համար։ Այնուամենայնիվ, ըստ երկու աղբյուրի՝ առնվազն մեկ նախնական առաջարկի տարբերակ, որը նկարագրվել է CNN-ին, Իրանի համար մի շարք խթաններ է ներառում։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, Իսրայելում՝ 24:



























