Իրանի ամենախոշոր ուրանի հարստացման կայանում՝ Նաթանզում գործող սարքավորումներն Իսրայելի հարվածների հետևանքովլուրջ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են, BBC-ին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին:
Նրա տեղեկացմամբ՝ Իրանի երեք գործող հարստացման կայաններից առնվազն երկուսը շարքից դուրս է եկել, իսկ Ֆորդոյի հարստացման կայանը քիչ է վնասվել, այն տեղակայված է լեռան տակ:
Գրոսսին մանրամասնել է նաև Սպահանի միջուկային համալիրում տեղի ունեցած վնասները, այդ թվում՝ ուրանի փոխակերպման կայանում, որը «դեղին խմորից» արտադրում է ուրանի հեքսաֆտորիդ՝ տեղակայանքում օգտագործվող հիմնական հումք, որը հետագայում կարող է հարստացվել:
«Ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ վնասվել է չորս շինություն՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան, ուրանի փոխակերպման գործարանը, Թեհրանի ռեակտորի վառելիքի արտադրության գործարանը և UF4-ից (ուրանի տետրաֆտորիդ) հարստացված մետաղի վերամշակման գործարանը, որը դեռ կառուցման փուլում էր»,- ասել է նա:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, բարձրաստիճան զինվորականներին: Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հարվածները շարունակվում են նաև այսօր՝ հունիսի 17-ին:






































