ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է ամերիկյան զորք ուղարկել Գրենլանդիան գրավելու համար։ Այդ մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք որոշակի հանգամանքներում նա կարո՞ղ է զորքի միջոցով «պահանջել» Գրենլանդիան։
«Դա կարող է տեղի ունենալ։ Ես կասկածում եմ, որ դա տեղի կունենա, բայց՝ հնարավոր է»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է գնել Գրենլանդիան։ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ կղզին պատրաստ է գործարար հարաբերություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն վաճառքի մասին խոսք լինել չի կարող։





































