ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդառաջել է 30-օրյա հրադադարի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին փոխադարձ հարվածներից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին, հայտնում է Կրեմլը։
Նշվում է, որ Պուտինը համապատասխան հրաման է տվել զինվորականներին։
Հակամարտության գոտում 30-օրյա հրադադար հաստատելու նախաձեռնության վերաբերյալ ռուսական կողմը «նշել է մի շարք կետեր՝ կապված մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր զինադադարի վերահսկողության ապահովման, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան և ուկրաինական զինված ուժերի վերազինման դադարեցնելու անհրաժեշտության հետ»։ Նաև նշվել են այն ռիսկերը, որոնք կապված են Կիևի՝ համաձայնության հասնելու անկարողության հետ, որն արդեն «բազմիցս սաբոտաժի է ենթարկել և խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Սպիտակ տունն այս , ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներից ժամանակավոր փոխադարձ հրաժարվելու մասին որոշումներն անվանել է «խաղաղությանն ուղղված առաջին քայլեր»:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: Մարտի 18-ին ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։