ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, տեղեկանում ենք Պետդեպի կայքից։
Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը ներկայացրել է ԱՄՆ պատվիրակությունը գլխավորած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը։ Ռուբիոն ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված 4 պայմանավորվածության մասին է հայտնել։
«Պայմանավորվել ենք ստեղծել խորհրդակցությունների մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնները վերացնելու և մեր համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կարգավորելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- հայտարարել է նա։
Երկրորդ պայմանավորվածության համաձայն՝ «ՌԴ-ն և ԱՄՆ-ն բարձր մակարդակի խմբեր պետք է ստեղծեն, որոնք պետք է սկսեն աշխատել Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու և բոլոր կողմերի համար ընդունելի ուղիներ գտնելու ուղղությամբ»։
«Երրորդ կետով ապագա համագործակցության համար փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի հիմքը դնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Խոսքը նաև պատմական, տնտեսական և ներդրումային հնարավորությունների մասին է, որոնք կբացվեն Ուկրաինայում հակամարտության հաջող ավարտի արդյունքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ըստ 4-րդ պայմանավորվածության՝ «փետրվարի 18-ի հանդիպումների մասնակիցները պարտավորվում են շարունակել համագործակցությունը՝ ապահովելու գործընթացի ժամանակին և արդյունավետ առաջխաղացումը»:
Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը և իր ուժն օգտագործում է աշխարհի երկրներին միավորելու համար։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին, որից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: