Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել, իսկ Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի հիմնական հայտարարությունները Հայաստանի և Արցախի վերաբերյալ՝
1․ Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին ես իմացել եմ մամուլից։ Այն ժամանակ մեզ առանձին չեն ծանուցել։
2․ Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը, եթե Հայաստանը մնա Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին։
3․ Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այն, նույնիսկ Հայաստանը, թեև դա տարօրինակ է։
4․ 2020 թվականից հետո Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ունեին միայն հրադադարի պահպանման մշտադիտարկման իրավունք:
5․ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին գթություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության, այդ թվում՝ գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ:
6․ Ժամանակի խնդիր էր՝ երբ և ինչ ձևով Ադրբեջանը (Ղարաբաղի կարգավիճակը փոխելուց հետո) այնտեղ սահմանադրական կարգ կհաստատի ադրբեջանական պետության սահմանադրության շրջանակներում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







