Ֆրանսիան Հայաստանում իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել երկրի հարավ և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ։
«Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել արյունալի բախումներ երկու երկրների զինված ուժերի միջև։ Գնդակոծվել են Հայաստանի քաղաքացիական օբյեկտները։ Այսօրվա դրությամբ մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց իրավիճակը մնում է լարված։ Այդ պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն զգուշություն ցուցաբերել Հայաստան մեկնելիս։ Մասնավորապես, խորհուրդ չի տրվում մեկնել երկրի հարավ (Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզեր) և խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանի այն շրջաններ, որոնք սահմանակից են Ադրբեջանին», — ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նախազգուշացնող հաղորագրություն էր տարածել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







