Իրանի բանակի ռազմածովային ուժերը ժամանակավորապես կալանել են Կարմիր ծովում ԱՄՆ-ի երկու հետախուզական նավերը: Այս մասին հայտնում է ռազմական IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան։
Նշվում է, որ իրանական Jamaran էսկադրային ականակիրը Կարմիր ծովում հակաահաբեկչական գործողության անցկացման ընթացքում իր ճանապարհին տեսել է ամերիկյան հետախուզական մի քանի նավեր: Իրանցի զինվորականները երկու անգամ ամերիկյան ծովային ուժերին տեղեկացրել են հնարավոր բախման մասին, որից հետո երկու նավ վերահսկողության տակ են վերցրել՝ միջադեպից խուսափելու համար:
Այնուհետև իրանական կողմը նավերը տեղափոխել է անվտանգ տարածք և թողել այնտեղ՝ այդ մասին տեղեկացնելով ամերիկացիներին։
Հինգշաբթի իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Jamaran էսկադրային ականակիրը խանգարել է ծովահենային նավակի հարձակմանը Կարմիր ծովի ջրատարածքում իրանական առևտրային նավի վրա:






































