Ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, ինչպես սպասվում է, կսկսվի Վիեննայում երկուշաբթի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Շվեյցարիայի Շվեհատ օդանավակայանում դիմավորել են ներկայացուցչական միջգերատեսչական պատվիրակությանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռյաբկովի գլխավորությամբ։ Օգոստոսի 17-18-ը Վիեննայում տեղի կունենա ռազմավարական կայունության հարցերով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների նոր փուլը», — ասված է Ավստրիայում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի սպառազինությունների վերահսկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին։
Ստրատեգիական հարցերի շուրջ խորհրդակցությունների նախորդ փուլը կայացել էր հունիսի 22-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները՝ Բիլինգսլիի և Ռյաբկովի գլխավորությամբ, Վիեննայում քննարկել էին սպառազինությունների վերահսկման հեռանկարները, ներառյալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի երկարաձգման հարցը: Բացի այդ, ռազմավարական երկխոսության շրջանակներում հուլիսի 27-30-ը Վիեննայում տեղի են ունեցել փորձագիտական աշխատանքային խմբերի նիստեր միջազգային անվտանգության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ:
Նախօրեին Ռյաբկովը հայտնել էր, որ առայժմ նախադրյալներ չկան ռազմավարական կայունության ոլորտում ԱՄՆ-ի հետ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







