Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից մոտ մեկ շաբաթ անց հայտարարել է իր հրաժարականի մասին:
Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», Դիաբն իր հրաժարականի մասին տեղեկացրել է՝ հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին` ասելով, որ եկել է եզրակացման, որ «կոռուպցիան Լիբանանում ավելի շատ է, քան պետությունը»:
Դիաբը հավելել է, որ «հետ քայլ է անում», որպեսզի կարողանա կանգնել ժողովրդի կողքին և նրանց հետ հավասար պայքարել փոփոխության համար:
Վարչապետը հայտարարել է ողջ կազմով կառավարության հրաժարականի մասին:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 200 մարդ է մահացել, ավելի քան 6000-ը վիրավորվել են: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի:
Պայթյունի համար բացատրություն պահանջող լիբանանցիները բողոքի ցույցեր են իրականացնում ուրբաթ օրվանից ի վեր: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 700 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







