Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օգտին լրտեսություն անելու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին ԱՄՆ-ին տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվող անձին: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Մահմուդ Մուսավի Մաջդը, որին մեղադրում էին նաև իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին աշխատելու համար, մահապատժի է ենթարկվել հուլիսի 20-ի առավոտյան: Մեղադրյալի դեմ գործը սկսվել էր դեռևս մինչև Սոլեյմանիի սպանությունը և կապ չունի ԱՄՆ-ի` իրանցի բարձրաստիճան զինվորականի դեմ իրականացրած գործողության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սոլեյմանիի սպանության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







