Մադրիդում հոկտեմբերի 3-ին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բնակարանային քաղաքականության դեմ բողոքի ակցիայի, որն ուղեկցվել է բախումներով, հայտնում է El País-ը։
Բողոքի ալիքն սկսվել է, երբ խորհրդարանը մերժել է կառավարության երկու հրամանագիր, որոնցով նախատեսում էին սահմանափակել վարձավճարների աճը, ուժեղացնել խոցելի վարձակալների պաշտպանությունը վտարումից և հեշտացնել վարձակալության պայմանագրերի երկարաձգումը։
Իսպանիայում ցուցարարները պահանջում են սահմանափակել վարձավճարների աճը և պաշտպանել այն մարդկանց, որոնք պայմանագրերի ավարտի կամ այլ պատճառներով կարող են զրկվել վարձակալած բնակարանից։
Երկրի կառավարության տվյալներով՝ մայրաքաղաքում հավաքվել է 70 000 մարդ, մինչդեռ կազմակերպիչ «Վարձակալների միությունը» հայտարարել է շուրջ 500 000 մասնակցի մասին։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Իսպանիայի շուրջ 50 քաղաքում։
Մադրիդում ցուցարարները մի քանի շարասյունով շարժվել են դեպի Սիբելես հրապարակ՝ դժգոհելով վարձակալության գների աճի, անշարժ գույք գնող խոշոր ներդրումային հիմնադրամների գործունեության և բնակարանների վարձակալությունից շահույթ ստանալու դեմ։ Կազմակերպիչները հայտարարել են, որ մտադիր են շարունակել բողոքի ակցիաները։
Ավելի ուշ Մադրիդի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել։ Առանձին ակցիա անցկացնող ծայրահեղ աջ ակտիվիստները փորձել են շարժվել դեպի Պուերտա դել Սոլ հրապարակում ցուցարարների վրանային ճամբար։ Ոստիկանությունը նրանց դեմ ռետինե փամփուշտներ է կիրառել, 3 մարդու ձերբակալել են։
Նշվում է, որ Վալենսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 6000 մարդ։ Այնտեղ ևս բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ․ 5 մարդ ձերբակալվել է, 9-ը ոստիկան՝ վնասվածքներ ստացել։
Իսպանիայում բնակարանային խնդրի շուրջ բողոքներն ակտիվացել էին հատկապես սեպտեմբերի 23-ին՝ Մադրիդում 87-ամյա Մարիա դել Կարմեն Աբասկալին վարձակալած բնակարանից վտարելուց հետո, որտեղ նա ապրել էր ավելի քան 70 տարի։ Վտարման օրը հարյուրավոր մարդիկ փորձել էին խոչընդոտել դատարանի որոշման կատարմանը։ Մի քանի օր անց առնվազն 11 քաղաքում անցկացվել էին «Այլևս ոչ մի Մարիա դել Կարմեն» կարգախոսով ակցիաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







