Հյուսիսային Կորեան Յոնգբյոնի գլխավոր միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման նոր երկհարկանի կայան, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։
Գործակալության գնահատմամբ՝ նոր օբյեկտը կարող է տեղավորել մինչև 28 գազային ցենտրիֆուգների կասկադ, ինչը վկայում է Փհենյանի միջուկային ենթակառուցվածքների շարունակական ընդլայնման մասին։
Քանի որ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը Հյուսիսային Կորեա 2009 թվականից արգելված է, գործակալությունն իրավիճակը վերահսկում է արբանյակային լուսանկարների և բաց աղբյուրների վերլուծության միջոցով։
Շինարարության արբանյակային լուսանկարները համադրվել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսին կատարած այցի պաշտոնական լուսանկարների հետ, որոնցում երևում են շենքի երկու հարկերում տեղակայված ցենտրիֆուգների կասկադները։ Սա համալիրի ներսում ուրանի հարստացման երկրորդ օբյեկտն է։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում միջազգային անվտանգության տեսանկյունից։
«Կանսոնգում և Յոնգբյոնում հարստացման օբյեկտների շարունակական շահագործումը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից զենքի համար նախատեսված միջուկային նյութերի հետագա ընդլայնման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Գրոսին։
Միջազգային գործակալությունը հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ընդլայնումն ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք արգելում են Փհենյանին մշակել միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







