ԱՄՆ-ի հարվածից հետո իրանական M/T Kylo լցանավը խորտակվել է Օմանի ծոցում, հայտնել է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։
Նշվում է, որ նավում հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն կողաշրջվել և խորտակվել է։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ հարվածներից առաջ անձնակազմին հրահանգվել էր լքել նավը։
Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի հետ կապվող առևտրային վեց նավի, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում գտնվող երեք նավթատարի։
Սեպտեմբերի 5-ին ամերիկացի զինվորականները հարվածել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապվող երեք նավթատարի։ CENTCOM-ի պնդմամբ՝ գործողությունը հաջորդել էր ամերիկյան ավիակրի և հրթիռային էսկադրային ականակրի ուղղությամբ Իրանի արձակած բալիստիկ հրթիռներին։ Ամերիկյան նավերը չեն վնասվել, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։ Հունիսին կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնության էին հասել։ Հուլիսից հակամարտությունը կրկին սրվել է՝ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների ու Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







