Le Monde-ը գրել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խորացել են նաև ծովային տարածքների սահմանազատման, թուրքական օդանավերի կողմից հունական օդային տարածքի խախտումների և Անկարայի «Կապույտ հայրենիք» դոկտրինի պատճառով։
Օգոստոսի 15-ին Թուրքիան ստեղծել էր երկու ազգային ծովային պարկ՝ Էգեյան ծովի հյուսիսարևելյան հատվածում և Արևելյան Միջերկրականում։
Հունաստանը հայտարարել էր, որ այդ տարածքների սահմանները դուրս են գալիս Թուրքիայի տարածքային ջրերից, ընդգրկում են բաց ծովի հատվածներ և տարածվում հունական մայրցամաքային շելֆի վրա։
Աթենքի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից իր իրավազորությունից դուրս տարածքներում ծովային պարկերի միակողմանի ստեղծումն իրավական հետևանքներ չի առաջացնում և հակասում է միջազգային իրավունքին։ Հունաստանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ այդ քայլը խաթարում է երկու երկրների միջև փոխըմբռնումը պահպանելու ջանքերը։
Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովի շուրջ տարաձայնությունները սրվել են 1970-ականներին՝ մայրցամաքային շելֆի սահմանազատման և նավթի որոնման աշխատանքների պատճառով։ Հետագայում վեճին ավելացել են տարածքային ջրերի, օդային տարածքի և կղզիների կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







