Brent տեսակի նավթի գինը հուլիսի 20-ին գերազանցել է մեկ բարելի դիմաց 90 դոլարը՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների սրման և Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների սահմանափակման ֆոնին, հայտնում է Reuters-ը։
Reuters-ի տվյալներով՝ Brent-ի ֆյուչերսները առավոտյան աճել էին 2,77 դոլարով՝ հասնելով 90,87 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հունիսի 11-ից ի վեր։ WTI-ի գինը բարձրացել էր 2,35 դոլարով՝ հասնելով 84,84 դոլարի։ Նախորդ շաբաթ Brent-ը թանկացել էր 15,9%-ով, իսկ WTI-ն՝ 15,5%-ով։
Oilprice-ի վերջին տվյալներով՝ Brent-ի գինը կազմել է 89,69 դոլար՝ աճելով 1,84%-ով, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը թանկացել է 1,59%-ով՝ հասնելով 83,65 դոլարի։
ING-ի վերլուծաբանները նշել են, որ նավթի գների աճը շարունակվում է Պարսից ծոցում ռազմական լարվածության աճի պայմաններում։ Նրանց գնահատմամբ՝ հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանում լայնածավալ հարվածների վերսկսմանը։
Գների աճի հիմնական պատճառներից մեկը Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի նվազումն է։ Հուլիսի 19-ին նեղուցով անցել է ընդամենը չորս նավ՝ նախորդ օրվա ութի դիմաց։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկու նավթատար պայթել և անշարժացել են Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելու փորձի ժամանակ։ Reuters-ը չի կարողացել անկախ հաստատել այդ տեղեկությունը։ Բրիտանական UKMTO-ն նույն օրը հայտնել է Օմանի Կումզար շրջանից հյուսիս-արևմուտք նավի վրա բռնկված հրդեհի մասին։
Barclays-ի վերլուծաբան Ամարփրիթ Սինգհի գնահատմամբ՝ առաջիկա օրերն ու շաբաթները ցույց կտան, թե որքան նավթ կկարողանա տարածաշրջանը կայուն արտահանել փոխադարձ ծովային սահմանափակումների պայմաններում։ Նրա խոսքով՝ շուկան դեռ լիարժեք չի գնահատում մատակարարումների խափանման վտանգը, մինչդեռ նավթի պաշարները վերջին հինգ տարվա ամենացածր մակարդակներում են։
Հորմուզի նեղուցում լարվածությունը սրվել էր հուլիսի 7-ին, երբ ԱՄՆ պաշտոնյաներն Իրանին մեղադրել էին առևտրային նավերի վրա հարձակումների մեջ։ Հուլիսի 9-ին նեղուցով խոշոր նավերի տեղաշարժը գրեթե ամբողջությամբ դադարել էր․ երկու ուղղությամբ անցել էր մոտ 14 բեռնատար նավ, ինչը հունիսի կեսից ի վեր ամենացածր ցուցանիշն էր։
Հուլիսի 16-ին Իրանը Հորմուզի նեղուցն անվանել էր «կարմիր գիծ» և հայտարարել, որ լիովին վերահսկում է ռազմավարական ջրուղին։ Թեհրանը նաև ներկայացրել էր իր սահմանած երթուղով նավագնացության կառավարման վճարովի մեխանիզմ՝ նշելով, որ այն հասանելի կլինի Իրանի հետ համագործակցող առևտրային նավերին։






































