Թեհրանը Հորմուզի նեղուցում Իրանի սահմանած երթուղով նավագնացության կառավարման «պրոֆեսիոնալ մեխանիզմ» է մշակել, որը կներկայացվի մոտ ժամանակներս, X-ի իր էջում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին։
«Այս գործընթացի շրջանակում առավելություններից կարող են օգտվել միայն առևտրային նավերն ու Իրանի հետ համագործակցող կողմերը։ Այս մեխանիզմի շրջանակներում մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար»,- գրել է նա։
Երթուղին, ըստ Ազիզիի հայտարարության, փակ կլինի Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման համար ԱՄՆ-ի իրականացրած «Ազատություն նախագիծ» (Project Freedom) գործողության մասնակիցների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 13-ին հայտարարել էր Հորմուզի նեղուցում Իրանի նոր շրջափակման մասին։
Ավելի վաղ՝ մայիսին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր Հորմուզի նեղուցում իրանական վերահսկողության գոտու ընդլայնման մասին։ Եթե նախկինում Իրանի նավատորմը հիմնականում պարեկություն էր անում երկրի ափամերձ կղզիների շրջակայքում, ապա այժմ Թեհրանը ծրագրում է իր վերահսկողության տակ վերցնել նեղուցի մուտքի և ելքի ջրերը։ Նեղուցում վերահսկողության գոտին ընդլայնվել է մինչև 200-300 ծովային մղոն (ավելի քան 500 կմ)։
Միևնույն ժամանակ նեղուցով նավերի անցումը մի քանի անգամ դադարեցվել էր և վերաբացվել ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակատվածում։





































