Իրանը Հորմուզի նեղուցն անվանել է «կարմիր գիծ» և սպառնացել հարվածել Պարսից ծոցի բոլոր ենթակառուցվածքներին, գրել է Reuters-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իրանական կողմը և նախազգուշացրել, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու իր սպառնալիքը, Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Պարսից ծոցի տարածաշրջանի ենթակառուցվածքներին։
Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ պարբերականը գրել է, որ Վաշինգտոնը փորձում է բացել նեղուցը, Թեհրանը՝ հայտարարում գոյատևման պայքարի մասին։ ԱՄՆ-ն չորեքշաբթի արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։
Վաշինգտոնը պնդում է, որ այս քայլերի նպատակը Հորմուզի նեղուցի վերաբացումն է, որն Իրանը փակել էր նախորդ շաբաթ օրը՝ փխրուն զինադադարի տապալումից հետո, գրել է լարտվականը։
Անդրադառնալով իրանական կողմին՝ լրատվամիջոցը գրել է, որ Իրանը պնդում է՝ իրենք լիովին վերահսկում են ռազմավարական ջրուղին։
Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան նշել է, որ Հորմուզի նեղուցն Իրանի համար «կարմիր գիծ» է, և երկիրը պահպանում է դրա նկատմամբ հաստատուն վերահսկողությունը։
«Ամերիկացիները կարծում էին, թե երկրի հարավային ափերին գտնվող մեր որոշ բազաների վրա հարձակվելով՝ կարող են իրենց ձեռքը վերցնել այս ռազմավարական նեղուցի վերահսկողությունը։ Սակայն Իրանն ունակ է վերահսկել Հորմուզի նեղուցն իր տարածքի ցանկացած կետից, և այդ հարցը երբեք կախված չէ միայն ափերից ու կղզիներից»,- Աքրամինիայի խոսքերը մեջբերել է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ երեք ամերիկացի պաշտոնյա հայտնել են, որ ամերիկյան հարվածները, որոնց նպատակը նեղուցը բացելն է, թիրախավորում են նաև Իրանի այն ռազմական կարողությունները, որոնք ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել նախքան առավել բարդ գործողությունների անցնելը։
Ի պատասխան ամերիկյան հայտարարության՝ իրանական բանակը հայտարարել է, որ կդիմադրի մինչև վերջ և կչեզոքացնի ամերիկյան միջամտությունները տարածաշրջանում։
Նշվում է, որ ըստ Իրանի զինված ուժերի խոսնակի՝ Հորմուզի նեղուցի վերաբացման միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից հունիսին ստորագրված 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարումն է, ինչպես նաև նեղուցով նավերի երթևեկության նկատմամբ «իրանական կանոնակարգերի» կիրառումը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։
Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի նոր վարչապետ
Ուկրաինայի Գերագույն ռադան 289 կողմ և 1 դեմ ձայնով «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկուն նշանակել է երկրի վարչապետ,...





































