ԱՄՆ-ի և Իրանի միջև Կատարում տեխնիկական բանակցությունները «լավ են ընթանում», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է Reuters-ը։
«Դեռ վաղ է ասել, բայց բանակցությունները լավ են ընթանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Դոհայում տեխնիկական բանակցությունները կենտրոնացած էին Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա, և որ կողմերը հետագայում կքննարկեն Թեհրանի միջուկային հնարավորությունները։
Վենսը նշել է, որ չի կարող երաշխավորել, որ Վաշինգտոնը չի վերադառնա Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ մինչև հակամարտությունը դադարեցնելու վերջնական համաձայնագրի հասնելու վերջնաժամկետը։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պաշտոնյաներին համաձայնության գալ Թեհրանի հետ։
«Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ, ակնհայտորեն, դա կախված է նրանից, թե ինչ կանեն իրանցիները վերջնականապես։ Բայց կարող եմ խոստանալ, որ նախագահը մեր զորքը հետ չի ուղարկի, եթե անհրաժեշտ չէ, եթե չկա հստակ սահմանված նպատակ»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։
Երկու իրանական աղբյուրի համաձայն՝ Իրանը մտադիր է հասնել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողության միջազգային ճանաչմանը և Պարսից ծոց մտնող կամ դուրս եկող նավերից վճար գանձելու իր իրավունքին, նույնիսկ եթե դա պահանջի ուժի կիրառում:
Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունները, որոնք կայացել էին Կատարի և Պակիստանի միջնորդությամբ, սկսվել էին հունիսի 30-ի երեկոյան և շարունակվել մինչև հուլիսի 1-ը:
Ամերիկյան կողմից մասնակցում են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, մինչդեռ Թեհրանը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի գլխավորությամբ:
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք և որևէ պայմաններում չի համաձայնի, որպեսզի Իրանը վճար գանձի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար։





































