Ուգանդայում Էբոլա տենդով վարակման ևս մեկ դեպք է գրանցվել, ինչի հետևանքով երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20-ի, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուգանդայի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 22-ի դրությամբ հիվանդանոցում բուժում է ստանում Էբոլայի հաստատված ախտորոշմամբ 4 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր 14 մարդ ապաքինվել է, երկուսը՝ մահացել։ Դեպքերից 15-ը տարածվել են Կոնգոյից (ԿԴՀ)։
ԿԴՀ կառավարությունն Էբոլայի բռնկման մասին պաշտոնապես հայտարարել էր մայիսի 15-ին, նույն օրն Ուգանդայի առողջապահության նախարարությունը հաստատել էր հիվանդության առաջին ներմուծված դեպքը։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել էր միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։ Բռնկման էպիկենտրոնը ԿԴՀ-ի Իտուրի նահանգն է, որը սահմանակից է Ուգանդային։ Վերջին տվյալներով՝ ԿԴՀ-ում Էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1048-ի, այդ թվում՝ 267 մահվան ելքով։






































