ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը նպատակ ունի պարտավորեցնել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ պնդելով, որ հակամարտությունն անօրինական է առանց Կոնգրեսի հստակ թույլտվության, գրել է The Hill-ը։
Ձայները բաշխվել են 215 կողմ և 208 դեմ հարաբերակցությամբ, ընդ որում՝ 4 հանրապետական միացել է բոլոր դեմոկրատներին՝ սատարելով այս նախագծին:
«Մենք քայլ առ քայլ մոտենում ենք նրան, որ Կոնգրեսի երկու պալատներն էլ սա անվանեն անօրինական պատերազմ: Դա հսկայական ձեռքբերում է: Այն, ինչ նա արել է, պարզապես ավելի ու ավելի անընդունելի է դառնում»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջարեդ Հաֆմանը (Կալիֆոռնիա):
ԱՄՆ Սենատի երկու պալատների պատերազմի քննադատները վերջին երեք ամիսների ընթացքում բազմիցս փորձել են պատերազմը դադարեցնելու բանաձևեր անցկացնել, սակայն դրանք միշտ արգելափակվել են Թրամփի հանրապետական դաշնակիցների կողմից, գրել է պարբերականը։
Տրամադրությունների այս փոփոխության հիմնական գործոնը հանդիսացել է տնտեսական, շարունակել է Hill-ը. պատերազմն ուղղակիորեն հանգեցրել է համաշխարհային առևտրի խաթարումների, ինչն էլ բարձրացրել է ներքին սպառողական հիմնական ապրանքների, օրինակ՝ բենզինի և որոշ մթերքների գները:
Բանաձևը «համատեղ» (concurrent resolution) բնույթի է, ինչը նշանակում է, որ դրա ընդունման համար անհրաժեշտ է Կոնգրեսի երկու պալատների հավանությունը, սակայն այն չի ներկայացվում Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրմանը կամ վետոյին։ Սա տարբերվում է Սենատի պատերազմական լիազորությունների վերաբերյալ «միացյալ» (joint resolution) բանաձևից, որն ընդունվելու դեպքում կուղարկվի Թրամփի ստորագրմանը և նրա կողմից հաստատվելու պարագայում կստանա օրենքի ուժ։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։




































