ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը, Իրանի ղեկավարությունը նույնպես դեռևս չի հաստատել համաձայնեցված նախագիծը։
Աղբյուրի համաձայն՝ այն նախատեսում է հրադադարի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել էր մայիսի 26-ին, «սակայն երկու կողմն էլ պետք է ստանային բարձր ղեկավարության հաստատումը»։ Ըստ աղբյուրի՝ նախագիծը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, Հորմուզի նեղուցով նավագնացությունը կլինի «անսահմանափակ»։
Հուշագրում Իրանը պարտավորվում է բանակցել ուրանի հարստացման և իր պաշարներից հրաժարվելու հարցի շուրջ։ Նշվում է, որ հուշագրի նախագծի պայմանների համաձայն՝ Իրանը պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում մաքրել Հորմուզի նեղուցի ականները։ ԱՄՆ-ն պարտավորվում է «քննարկել» Իրանի ակտիվների ազատումը և պատժամիջոցների վերացումը։
Հուշագրի նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կվերացնի Իրանի շրջափակումը։ Նշվում է, որ դա տեղի կունենա, երբ վերականգնվի Հորմուզի նեղուցով նավագնացությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։





































