ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններ կվարի Իսրայելի և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև:
«Շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի (Բենիամին-խմբ․) Նեթանյահուի հետ, Բեյրութ զորքեր չեն ուղարկվի, այնտեղ ուղարկված բոլոր զորքերն արդեն հետ են քաշվել: Միևնույն ժամանակ, շատ լավ զրույց ունեցա «Հեզբոլլահ»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեն: Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Նեթանյահուն հրամայել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Reuters-ը: Նա նաև ասել էր, որ հրահանգել է իսրայելական զինվորականներին «ընդլայնել ցամաքային գործողությունները» Լիբանանում: Լիբանանի կառավարության տվյալներով՝ իսրայելական ուժերը մայիսի 31-ին ավելի քան 40 հարված էին հասցրել հարավային Լիբանանին:
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ իրանցի բանակցողները դադարեցնում են Միացյալ Նահանգների հետ հաղորդակցությունը՝ Լիբանանի վրա հարվածների պատճառով։ Գործակալությունը նաև հայտարարել էր, որ Իրանը և «Դիմադրության ճակատը», որը ներառում է նրա դաշնակիցներին Եմենում, Լիբանանում և Իրաքում, նպատակ են դրել ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և «ակտիվացնել գործողություններն այլ ճակատներում», այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում:
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո:






































