Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ ավիահարվածի հետևանքով ստացած վնասվածքները գրեթե ապաքինվել են, հայտնում է Al Araby-ն՝ հղում անելով կառավարության նիստերի համակարգող Մազահեր Հոսեյնիին։
Իրանի նոր առաջնորդը վիրավորվել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները համատեղ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ։ Հարձակման հետևանքով զոհվել էին նրա հայրը՝ Ռահբար Ալի Խամենեին և կինը։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ պայթյունի հետևանքով Մոջթաբա Խամենեին գետնին էր ընկել և վնասել ծունկն ու մեջքը, ինչպես նաև ականջի հետևի մասում թեթև վերք ունի։ Հոսեյնին ընդգծել է, որ մեջքի վնասվածքն արդեն ապաքինվել է։ Սպասվում է, որ ծունկը շուտով կվերականգնվի։ Նա հավելել է, որ ականջի հետևի մասի փոքրիկ վերքը թաքցված է նրա չալմայի տակ։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոջթաբայի առողջության վերաբերյալ անհանգստանալու պատճառ չկա։ Նրա խոսքով՝ «թշնամական կողմերը փորձում են Գերագույն առաջնորդի մասին գրառումներ կամ տեղեկություններ ստանալ՝ նրան թիրախավորելու համար»։
Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մոհսեն Քոմին նույնպես հրատարակությանը հայտնել է, որ Խամենեին լավ առողջական վիճակում է և շարունակում է վերահսկել պետական գործերը, այդ թվում՝ բանակցությունները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խամենեին դեմքի խոր այրվածքներ է ստացել, որոնք դժվարացնում են խոսելը։






































