Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են գրեթե 2,9 տրիլիոն դոլարի՝ անընդմեջ 11-րդ տարին աճ գրանցելով, DW-ի փոխանցմամբ՝ փաստում է Stockholm International Peace Research Institute-ի (SIPRI) նոր զեկույցը, որտեղ աճը կապվում է գլոբալ անկայունության, պատերազմների և վերազինման ակտիվացման հետ։
Զեկույցի համաձայն՝ աշխարհում ամենաշատ զենք գնող երեք երկրները՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան և Ռուսաստան, միասին ծախսել են շուրջ 1,48 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ընդհանուր գնումների կեսից ավելին։
Չնայած Միացյալ Նահանգները՝ որպես աշխարհի խոշորագույն ռազմական ծախսող, 2025-ին կրճատել էր իր բյուջեն 7,5%-ով՝ հասցնելով այն 954 միլիարդ դոլարի (հիմնականում Ուկրաինային նոր ռազմական օգնության բացակայության պատճառով), գլոբալ ծախսերը, այդուհանդերձ, աճել են 2,9%-ով՝ պայմանավորված Եվրոպայում և Ասիայում զգալի աճով։
SIPRI-ի հետազոտող Լորենցո Սկարացցատոյի խոսքով՝ աշխարհը շարունակում է ապրել «պատերազմների և աճող լարվածության հերթական տարում», ինչն ստիպում է երկրներին մեծացնել պաշտպանական բյուջեները։
Համաշխարհային ռազմական ծախսերի աճի գլխավոր շարժիչը հանդիսացել է Եվրոպան (ներառյալ՝ Ռուսաստան և Ուկրաինա), որտեղ ծախսերն աճել են 14%-ով՝ հասնելով 864 միլիարդ դոլարի։
Եվրոպական երկրները, հատկապես ՆԱՏՕ-ի անդամները, ակտիվորեն մեծացնում են իրենց ռազմական ծախսերը՝ ուժեղացնելով պաշտպանունակությունը և նվազեցնելով կախվածությունն ԱՄՆ-ից։
Օրինակ՝ Գերմանիան, որն աշխարհում չորրորդ խոշորագույն ծախսողն է, 2025-ին ավելացրել էր ռազմական բյուջեն 24%-ով՝ հասցնելով 114 միլիարդ դոլարի։ Իսպանիան գրանցել է 50% աճ։
Ասիայում և Օվկիանիայում ռազմական ծախսերն աճել են 8,5%-ով՝ հասնելով 681 միլիարդ դոլարի։ Տարածաշրջանում գլխավոր դերակատարը մնում է Չինաստանը, որն արդեն ավելի քան 30 տարի անընդմեջ մեծացնում է իր պաշտպանական բյուջեն, և 2025-ին ծախսել էր շուրջ 336 միլիարդ դոլար։
Միաժամանակ, տարածաշրջանի այլ երկրները՝ Ճապոնիան և Թայվանը, նույնպես զգալիորեն ավելացրել են իրենց ծախսերը՝ արձագանքելով անվտանգության սպառնալիքներին։
Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությանը՝ տարածաշրջանի ռազմական ծախսերն աճել են ընդամենը 0,1%-ով՝ հասնելով 218 միլիարդ դոլարի։ Որոշ երկրներում, այդ թվում՝ Իրանում և Իսրայելում, նույնիսկ գրանցվել է անկում։
Զեկույցը նշում է, որ ռազմական ծախսերի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում («ռազմական բեռը») հասել է 2,5%-ի՝ ամենաբարձր մակարդակին 2009-ից ի վեր։ Սա նշանակում է, որ երկրները ոչ միայն ավելի շատ են ծախսում ընդհանուր թվերով, այլև իրենց տնտեսական ռեսուրսների ավելի մեծ մասն ուղղում են պաշտպանությանը։
SIPRI-ի հետազոտող Սյաո Լյանի գնահատմամբ՝ այս միտումը կարող է շարունակվել նաև առաջիկա տարիներին՝ հաշվի առնելով շարունակվող հակամարտություններն Ուկրաինայում, Գազայում և այլ տարածաշրջաններում։
Փորձագետներն զգուշացնում են, որ ռազմականացման աճը կարող է հանգեցնել նոր սպառազինությունների մրցավազքի, նվազեցնել միջազգային վստահությունը և մեծացնել սխալ հաշվարկների վտանգը՝ դարձնելով աշխարհն ավելի անկայուն։





































