Եվրահանձնաժողովը փորձել է պարզաբանել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի վերաբերյալ վիճահարույց հայտարարությունը, գրում է Bloomberg-ը։
Գործակալության հիշեցմամբ՝ ապրիլի 19-ին, խոսելով Եվրամիության ընդլայնման մասին, նա հայտարարել էր, որ այն «պետք է ընդգրկի ամբողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցությունը բացառվի»։
Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան հետագայում դիմել է Եվրահանձնաժողովին՝ պարզելու, թե որքանո՞վ է ճիշտ փոխանցվել ֆոն դեր Լայենի հայտարարությունը։ Եվրահանձնաժողովում նշել են, որ այդ խոսքերը կտրված էին համատեքստից։
«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ճանաչումն էր, հատկապես՝ Արևմտյան Բալկաններում, և չի ենթադրում որևէ համեմատություն այլ երկրների հետ»,- հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։
Գործակալությունը նշում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ոչ նպաստավոր պահին, երբ ԵՄ-ն փորձում է ամրապնդել դաշնակցային կապերը՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին գլոբալ անկայունության պայմաններում։






































