ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հռոմի պապ Լևոն XIV-ը, դերասան Բենիսիո դել Տորոն, բլոգեր Պարոն Բիստը (Ջիմի Դոնալդսոն), դերասան և ռեժիսոր Բեն Սթիլլերը, գեղասահորդ Ալիսա Լյուն և տարբեր ոլորտների տասնյակ այլ գործիչներ համարվել են Time ամսագրի 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ։
Ազդեցիկ մարդկանց ցանկը բաժանված է 6 բաժնի՝ «Արվեստագետներ», «Նախագահներ», «Տիտաններ», «Տիպարներ», «Առաջնորդներ» և «Նորարարներ»։
«Առաջնորդներ» բաժնի ամենաազդեցիկ մարդկանց թվում են, Թրամփից և Հռոմի պապից բացի, նաև Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և այլք։
«Տիտաններ» բաժնում հայտնվել են գոլֆ խաղացող Սքոթի Շեֆլերը, դիզայներ Ռալֆ Լորենը, Dell-ի հիմնադիր Մայքլ Դելը և նրա կինը՝ Սյուզանը, ինչպես նաև ամերիկացի կինոպրոդյուսեր և Paramount Skydance-ի ղեկավար Դեյվիդ Էլիսոնը։
«Տիպարներ» բաժնում Time-ը ներառել է դերասան Իթան Հոուքին, մոդել Վիկտորիա Բեքհեմին, բրազիլացի դերասան Վագներ Մոուրային և ուրիշներին:
Ամենաազդեցիկ «նորարարների» թվում են մրցարշավորդ Լանդո Նորիսը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Walmart-ի գործադիր տնօրեն Ջոն Ֆուրները և ուրիշներ։
Time ամսագիրը 1999 թվականից ի վեր ամեն տարի հրապարակում է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Սկզբում, 1999 թվականին, այն 20-րդ դարի 100 ամենաակնառու դեմքերի ցուցակ էր, իսկ 2004 թվականից ի վեր՝ դարձել է ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշ։





































