Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս վերականգնվում է դեմքի և ոտքերի ծանր վնասվածքներից, որոնք ստացել է պատերազմի սկզբում իր հոր՝ Ալի Խամենեիի սպանությանը հանգեցրած օդային հարվածի հետևանքով, հայտնում է Reuters ը՝ հղում անելով Խամենեիի մերձավոր շրջապատի աղբյուրներին։
Ըստ աղբյուրների տվյալների՝ Թեհրանի կենտրոնում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայրի վրա հարձակման ժամանակ Խամենեիի դեմքը լրջորեն վնասվել է, նա նաև ստացել է մեկ կամ երկու ոտքերի զգալի վնասվածք։ Այնուամենայնիվ, 56-ամյա առաջնորդը վերականգնվում է և պահպանում է մտքի պարզություն։
Աղբյուրները, որոնք ցանկացել են անանուն մնալ զգայուն թեման քննարկելու համար, նշել են, որ նա մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին աուդիոկոնֆերանսների միջոցով։ Մոջթաբա Խամենեին ներգրավված է կարևորագույն որոշումների կայացման գործընթացում, այդ թվում՝ պատերազմի և Վաշինգտոնի հետ բանակցությունների հարցերում։
Խամենեիի առողջական վիճակի և երկիրը ղեկավարելու նրա կարողության վերաբերյալ հարցերը հնչում են Իրանի համար վերջին տասնամյակների ամենավտանգավոր պահին, երբ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կկայանան Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:






































