Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ հիմնադիր պայմանագրերից՝ Համագործակցության հիմնադիր պայմանագրերից, Կանոնադրությունից և Ալմա-Աթայի հռչակագրից դուրս գալու մասին օրենքների նախագծերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ պատգամավորները կողմ են քվեարկել երկու երրորդի մեծամասնությամբ։
«Չեղարկվում է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը, ինչպես նաև 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված համաձայնագրի արձանագրությունը։ Չեղարկվում է նաև 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ընդունված ԱՊՀ կանոնադրությունը»,- նշված է օրինագծերում։
Երբ այս որոշումները հաստատվեն երկրի նախագահի կողմից և ուժի մեջ մտնեն, հանրապետությունը պետք է տեղեկացնի ԱՊՀ գործադիր կոմիտեին համագործակցությունից դուրս գալուց 12 ամիս առաջ։ Միաժամանակ, հանրապետությունը նախատեսում է պահպանել իր մասնակցությունը տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք համաձայնագրերում, մասնավորապես՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրում։
Ինչպես նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ մոլդովացի խորհրդարանականների հարցմանն ի պատասխան, հանրապետության համար ուժի մեջ են մնում ԱՊՀ 208 պայմանագիր, որոնցից 104-ը վերաբերում է տնտեսական համագործակցությանը։ Սակայն նա նշել է, որ կանոնադրության չեղյալ հայտարարումը կխանգարի մոլդովական կողմին լիովին կատարել մի շարք պայմանագրերի դրույթներ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոլդովայի քաղաքականությունը գնահատել էր «երկերեսանի»՝ նշելով, որ երկիրը չի շտապում հրաժարվել ԱՊՀ-ից ստացված սոցիալ-տնտեսական առավելություններից՝ չնայած այն լքելու մտադրությանը:






































