Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Գերմանիայում ապաստան գտած սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք և մասնակցել երկրի հետպատերազմյան վերականգնմանը, հայտնել է DW-ն:
Մարտի 30-ին Բեռլինում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մերցը հայտարարել է, որ առաջիկա երեք տարիներին Գերմանիայում ապաստան ստացած մոտ մեկ միլիոն սիրիացիների «մոտ 80%-ը» պետք է վերադառնա Սիրիա։
Կանցլերի խոսքով՝ Գերմանիան և Սիրիան համատեղ աշխատում են փախստականների վերադարձի ուղղությամբ։ Նա նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերից՝ Բաշար Ասադի վարչակարգի անկումից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Սիրիայում իրավիճակն զգալիորեն բարելավվել է, ինչի պատճառով անհրաժեշտ է վերանայել փախստականների պաշտպանության անհրաժեշտությունը։
Մերցը նաև ընդգծել է, որ առաջնահերթ է Գերմանիայում իրավախախտումներ կատարած և վավեր կացության իրավունք չունեցող սիրիացիների հայրենադարձումը։ Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ այն սիրիացիները, որոնք ցանկանում են մնալ Գերմանիայում և հաջողությամբ ինտեգրվել են, կկարողանան շարունակել ապրել երկրում։
Կանցլերը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանը՝ նպաստելով փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, և առաջիկա օրերին Սիրիա կուղարկվի գերմանական նախարարությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն։
2011 թվականին սկսված՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները Սիրիայում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում գրանցված է ավելի քան 5,6 միլիոն սիրիացի փախստական, հիմնականում՝ հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում:




































