Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ արտահանումը կասեցվել է, երբ Իսրայելը անցած շաբաթ հարված է հասցրել Իրանի «Հարավային Փարս» խոշոր գազահանքին:
2025 թվականին Թուրքիայի բնական գազի ներկրման 14%-ը բաժին էր ընկնում Իրանին: Անկարան ներկայումս շարունակում է գազ ներմուծել Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ունի գազի որոշակի պաշարներ: Իրանական գազի մատակարարման վերականգնման ժամկետն առայժմ հայտնի չէ:
Անկարան մարտի 4-ին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։ Ենթադրաբար, Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ Թուրքիայի օդային տարածք էր մտել մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 14-ին Թուրքիան հայտնել էր Իրանից արձակված երրորդ հրթիռը չեզոքացնելու մասին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







